Տեսարժան վայրեր, Հանքավան, Հայաստան


Հանքավանը, այս փոքրիկ ձորակը, հարուստ է անտառներով, հազվագյուտ թփերով ու բուսատեսակներով, ծաղկաշատ մարգագետիններով, քաղցրահամ ու հանքային աղբյուրներով, թերմալ բուժիչ ջրերով ու ցեխերով: Հանքավանը իսկական երազանք է բնականն ու գեղեցիկը փնտրող զբոսաշրջիկների, արշավականների, քաղաքի աղմուկից փախնել ու գյուղական հանգիստը վայելել ցանկացողների համար:

Բնությունը շռայլ է գտնվել և հանձն է առել տարածքի նկարչի դերը՝ գունազարդելով դրախտային պատկերներ և, կառուցելով բնական հուշարձաններ, որոնցից մեկն է Հանքավանի հայտնի ջրվեժը, իսկ հարավից Փամբակի, հյուսիսարևելքից Ծաղկունյաց լեռնաշղթաները լրացնում են նկարիչ բնության կողմից նախագծած պատկերը:

Հանքավանի միջով է հոսում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից սկիզբ առնող Մարմարիկ գետը իր բազմաթիվ վտակներով, գետի երկարությունը 37 կմ է: Ի դեպ, գետը հոսում է հենց «Անուշ» հանգստյան տան կողքով և, հատկապես երեկոյան ու գիշերը, իսկական բնական երաժշտության է պարգևում հանգստացողների հոգնած նյարդերին:

Հանքավանի մյուս կարևոր տեսարժան վայրը 19-րդ դարում կառուցված հունական եկեղեցին է, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը, իսկ գյուղ մտնող ճանապարհից աջ գտնվում է դամբարանադաշտը:

Հանքավանի տարածքը հարուստ է նաև ջրաբանական արգելավայրերով: Մարմարիկի ջրամբարն օրինակ, որը վերջերս է կառուցվել, հասցրել է դառնալ Հանքավանի բազում զարդերից մեկն է՝ իր հայելանման մաքուր ու թափանցիկ ջրի շնորհիվ: Հանքավանի տեսարժան վայրերի ու բնական հուշարձանների մասին կարելի է անվերջ գրել ու խոսել, սակայն լավ է պարզապես այցելել Հայաստանի այս գողտրիկ անկյունն ու տեսնել, համոզվել, զգալ ու վայելել անձամբ:

Copyright © 2016. Պատրաստումն ու առաջխաղացումը` IT Manager LLC